karmir_blur


Կարմիր Բլուր (Թեյշեբաինի) | Teishebaini


Previous Entry Share Next Entry
Էրեբունիում պեղումների մասին
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar
ahousekeeper wrote in karmir_blur

Ամփոփվել են Էրեբունի միջնաբերդում կատարված պեղումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբն ամփոփել է Էրեբունի միջնաբերդում իրականացվող պեղումները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, կատարված պեղումները երեք գլխավոր խնդիր էին հետապնդում` հնագիտական պեղումներ, պեղումների ընթացքում խաթարված հատվածների տեղում վերականգնում եւ կրթական խնդրի լուծում, այսինքն` աշխատանքներին ե´ւ հայկական ե´ւ ֆրանսիական կողմից ուսանողների ներգրավում:

Դեռեւս 2008 թ.-ից է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գիտական եւ տեխնիկական համագործակցություն իրականացնում Ֆրանսիայի մասնագետների հետ` նպատակ ունենալով նպաստել հնավայրի գիտական ճանաչման ընդլայնմանը, հայտնաբերված եւ դեռեւս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությանը, հնավայրի հանրահռչակմանը, ինչպես նաեւ մշակութային այլ մտահղացումներին: «Մեր ֆրանսիական գործընկերների հետ փորձում ենք այնպես աշխատել, որ կարողանանք ընդհանրացնել Էրեբունի քաղաք-ամրոցի` մինչեւ 1960-ականների վերջն արված պեղումների արդյունքները: Այս պեղումները ցույց են տալիս, որ միջնաբերդի եւ’ ներքին, եւ’ մերձակա տարածքներում բավական մեծ աշխատանքներ կան անելու: 2008 թ. կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված կառույցների հետքերը ցույց են տալիս, որ միջնաբերդը հավանաբար մի փոքր այլ պաշտպանական պարիսպ կամ տարածք է զբաղեցրել:

Դրա պեղումները հետագայում թույլ կտան ավելի կոնկրետացնել այդ սահմանները»,-նշեց հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար հնագետ Աշոտ Փիլիպոսյանը: Իսկ հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմն ավելի շատ կենտրոնացել է Խալդ աստծո մոնումենտալ տաճարի պեղումների ուղղությամբ: «Խորհրդային տարիներին շատ հապճեպ են իրականացվել պեղումներ, որից հետո բարձիթողի է մնացել: Այսօր շատ հարցեր են առաջացել մեզ մոտ: Հատկապես շատ հետաքրքրական է Խալդ աստծո տաճարը, եւ մեր նպատակն է վերսկսել պեղումները, սակայն բոլորովին այլ մեթոդներով: Ամենակարեւորը այս պեղուներում ստույգ թվագրությունն է: Ակնհայտ է, որ քաղաքը ստեղծվել է ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից, բայց դրանից զատ ուրիշ կառույցներ էլ կան, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»,- ընդգծեց ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամը:

Ըստ Գ. Գյուրջյանի` այս պեղուների նշանակությունը հիմնականում այն է, որ հնավայրի հետ կապված բավական շատ ճշգրտումներ եղան: Թեեւ ուրարտագիտության մեջ ընդունված է Ուրարտուի տարածք համարել Վան քաղաքի շրջակայքը, այդուամենայնիվ, Էրեբունիի հզոր բերդապարիսպներով ամրացված միջնաբերդը փաստեց, որ Վանի շրջանից հետո Էրեբունին է հանդիսացել այդ պետության ռազմավարական հզոր հենակետերից մեկը Արարատյան հարթավայրում եւ պաշտպանել է երկրի հյուսիսային սահմանները: Պեղումները մեկնարկել են հունիսի 7-ին: Ֆրանսիացի մասնագետները դրանք կշարունակեն մինչեւ հունիսի 18-ը: Նրանց մեկնումից հետո էլ պեղումները կշարունակվեն, եւ ինչպես խոստացան ֆրանսիացիները, հնարավորության դեպքում կվերադառնան` նոր ուսումնասիրության համար:

Սկզբնաղբյուր


?

Log in