karmir_blur


Կարմիր Բլուր (Թեյշեբաինի) | Teishebaini


Previous Entry Share Next Entry
Մանրամասն հոդված Կարմիր Բլուրի և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar
ahousekeeper wrote in karmir_blur

«Կարմիր բլուր» հուշարձանի վերականգնման ծրագրերը կան, բայց գումարները չեն հատկացվում


Երևանի Շենգավիթ համայնքում, Հրազդան գետի հարևանությամբ է գտնվում Հայաստանի հնագույն պատմության ողջ ժամանակագրությունն ամփոփող Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի), որը կառուցել է ուրարտական Ռուսա Երկրորդ թագավորը 6-րդ դարի կեսերին: Կառուցելով ամրոցը` Ռուսա երկրորդն այստեղ է տեղափոխել մինչուրարտական բնակավայրի ունեցվածքի մի մասը և Էրեբունի ամրոցի ամբողջ հարստությունը` հավանաբար հաշվի առնելով ամրոցի ռազմավարական շատ հարմար դիրքը: Մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սկյութական և մարական զորաբանակները, փորձելով վերջնականապես կործանել Վանի թագավորությունը, պաշարել են նաև Կարմիր բլուրը: Սակայն, ըստ ամենայնի, նրանց չի հաջողվել նվաճել Կարմիր բլուրը, քանի որ հրկիզել են այն: Ամրոցի վերին հատվածներն այրվել են` իրենց տակ թաղելով այն, ինչ կա ներքևում:

Արդեն 25 տարի է` շինարարական աղբ է կուտակված Կարմիր բլուրի տարածքում


Այսօր հեռվից նայելիս դժվար է գլխի ընկնել, որ հատված առ հատված շինարարական աղբով ծածկված այդ հսկայական տարածքը անգնահատելի մշակութային արժեք է:

Էրեբունի թանգարանի (Կարմիր բլուրը թանգարանի մասնաճյուղն է) տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի խոսքով` արդեն մոտ 25 տարի է, ինչ Կարմիր բլրի տարածքում շինարարական աղբ է կուտակված. «Այստեղ հազար մեքենայից ավելի շինարարական աղբ կա: Քանի որ դժվար է ու մեծ ֆինանսներ է պահանջում այն ամբողջությամբ տեղափոխելը, կարելի է աղբը գոնե հրել դեպի ամրոցի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի և Հրազդան գետի միջնամաս, որն անպիտան տարածք է, կուտակել, ծանր տեխնիկայով վրայով անցնել, վրան սև հող լցնել ու կանաչապատել»,- առաջարկում է թանգարանի տնօրենը:

Հուլիսի 27-ին Հայաստանի Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետը նամակ է ուղղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: ««Էրեբունի պատմահնագիտական արգելոց» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ հսկայական ծավալի շինարարական աղբ է կուտակվել Կարմիր բլուր հուշարձանի տարածքում `ընդհուպ հասնելով հուշարձանի ամրակայված կառույցներին կառույցներին… «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջներից ելնելով` առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել Կարմիր բլուր հուշարձանի տարածքից շինարարական և կենցաղային աղբի հեռացման ուղղությամբ ու արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը»,- ասված է նամակում:

Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակներում մաքրվել է Կարմիր բլրի տարածքում թափված կենցաղային աղբը, իսկ «մոտ 60.000 խորանարդ մետր շինարարական աղբը հնարավոր կլինի մաքրել միայն երբ ֆինանսական միջոցներ լինեն, իսկ հիմա դրանք չկան, բայց մենք համապատասխան ծրագիր ենք ներկայացրել կառավարություն»:

Առանց պարսպի կառուցման` աղբի կուտակման խնդիրը չի լուծվի


Արդեն թափված աղբը մաքրելով` խնդիրը վերջնական լուծել հնարավոր չէ, քանի որ աղբի կուտակման գործընթացն այսօր էլ ակտիվորեն շարունակվում է: Հենց մեր այցելության պահին երկու երիտասարդներ մեքենայով շինարարական աղբով լի մի քանի պարկ բերեցին ու թափեցին տարածքում: Որևէ մեկը չփորձեց խոչընդոտել նրանց:

Կարմիր բլուրը դարձել է նաև գիշերային հանդիպումների և հարաբերություններ պարզելու վայր:

Էրեբունի թանգարանն ամեն տարի ոստիկանության հետ պայմանագիր է կնքում և 10 մլն դրամ գումար հատկացնում` թանգարանի և նրա բոլոր մասնաճյուղերի պահպանությունն իրականացնելու համար: «Խնդիրն այն է, որ ամբողջ 40 հա տարածքում տեղ չկա, որտեղ ոստիկանները կանգնեն, ու ավտոմեքենայով են շրջում շուրջբոլորը, իջնում են ցած, բարձրանում են վերև, միայն վերջերս ենք պայմանավորվածություն ձեռք բերել ոստիկանության պահպանման բաժնի հետ, որ Կարմիր բլրի տարածքում գտնվող բետոնե կիսակառույցը միասին վերանորոգենք, ու դա դառնա ոստիկանության պահակակետը»,- ասում է պրն Փիլիպոսյանը:

«Կարմիր բլրի տարածքը շատ մեծ է, և որպեսզի տարածքը հսկեն, մի քանի կետ պետք է դնել, քանի որ մուտքերը տարբեր տեղեր են: Եթե դու մի տեղ ես հսկում, ապա մյուս մուտքում չգիտես` ինչ է կատարվում, ու մենք հանգեցինք նրան, որ միակ ելքը պարսպի կառուցումն է, որոշ հատվածներում այն կլինի պատ, իսկ այն հատվածներում, որտեղից որ պետք է ընկալվի հուշարձանը, այդ տեղերում պետք է լինի մետաղական ճաղաշար: Մուտքերի մոտ կդրվեն դարպասներ ու դրանով հիմնական` շինաղբի հարցը կլուծվի, քանի որ մեքենաների մուտք այդտեղ չի լինի»,- ասում է Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

Մշակույթի նախարարությունը պարսպի կառուցման իր այս նախագծի իրականացումը գնահատել է 261.621.600 դրամ: Նախագիծն արդեն ուղարկվել է Քաղաքաշինության նախարարություն, որն, ընդհանուր առմամբ, հավանություն է տվել նախագծին: Սակայն Հրազդան գետի սահմանագծով անցնող հատվածների ցանկապատումը գտել է «ոչ նպատակահարմար, քանի որ ջրանցքն ինքնըստինքյան հանդիսանում է բնական արգելապատնեշ, ինչը կբերի ցանկապատի կառուցման ծախսերի 25 տոկոս կրճատման»:

Կարո Այվազյանի խոսքով` իրենք համաձայնել են նախարարության այդ դիտարկման հետ: «Նախագիծը նոր է, երևի կպլանավորվի մյուս տարի իրականացնել, քանի որ այս տարվա ծրագրերն արդեն պլանավորված են»,- ասաց նա:

Քաղաքը շրջանցող ճանապարհն անցնելու է Կարմիր բլրի վրայով


Պարսպի կառուցմանը որոշակիորեն խոչընդոտող այլ հանգամանք էլ կա:

Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում է, որ Արգավանդ խճուղուց Շիրակի մայրուղով դեպի ձիարշավարան տանող ճանապարհն անցնելու է Կարմիր բլրի տարածքով: Ճանապարհի կառուցումը ֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի «Երևանի քաղաքային տրանսպորտ» ծրագրի շրջանակներում:

«Եթե այն հատվածում, որտեղով ճանապարհն է անցնելու, սկսենք փորել ցանկապատ, վաղը, մյուս օրը եթե ճանապարհի շինարարությունը սկսեն, այդ ցանկապատը պետք կլինի քանդել, ցանկապատն այսօրվա դրությամբ հնարավոր է սարքել միայն այն տեղերում, որտեղ որ հաստատ գիտենք, որ սահմանը հաստատուն է»,- ասում է Կարո Այվազյանը:

Թե ինչպիսին պետք է լինի Կարմիր բլրի վրայով Արգավանդի խճուղին Շիրակի մայրուղուն կապող հանգույցը, կարծիքները միանշանակ չեն:

«Ճանապարհ է, որը կամրջով պետք է Հրազդանն անցնի ու, կտրելով հուշարձանի տարածքը բնակատեղի հատվածում, միանա մայրուղուն: Սա քաղաքը շրջանցող ճանապարհ է լինելու, որը թույլ կտա, որ օդանավակայանից ու մարզերից եկող բեռները չմտնեն Երևան: Բայց եթե ճանապարհն անցկացվի հուշարձանի միջով և ունենա, ասենք, 20 մետր լայնք և 800-ից 1 կմ երկարություն, 2 հեկտար կխլի հուշարձանից, որը հսկայական մակերես է: Ես առաջարկում եմ, որ բլրի վրա հենասյուներ արվեն, և ճանապարհը տանենք էստակադայի ձևով, որի արդյունքում, չնայած ավելի թանկ կլինի, բայց երկու բան կշահենք. Նախ` հուշարձանը չենք վնասի, միայն այդ սյուների հատվածում ստուգողական պեղումներ կանենք, և տուրիստական խմբերին ոչ թե կմտցնենք ամրոց, այլ նրանք էստակադայի վրայից կնայեն հուշարձանը, ու այն ավելի տպավորիչ կլինի»,- ասում է Աշոտ Փիլիպոսյանը:

Սակայն քաղաքապետարանի պատվերով ճանապարհը նախագծող «ԱրցախՃան» ինստիտուտ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Սողոյանը կարծում է, որ հենասյուների տեղադրումն ավելի շատ կվնասի հուշարձանը. «Էստակադայի կառուցումն ավելի թանկ է, քան ճանապարհի կառուցումը: Էստակադայի տարբերակը մի քանի տարի առաջ քննարկվել է և տրվել է սպառիչ պատասխան, որ էստակադայի հենասյուների հիմքերը փորելու հատվածները պետք է ենթարկվեն քանդման, որն ավելի կվնասի հուշարձանին, իսկ ճանապարհը տարվելու է այն մասով, որ հնությունները չենք շոշափում, այն տարվելու է գերեզմանոցի պատի եզրով, ունենալու է 28 մետր լայնություն և 2 կմ երկարություն»: Ինստիտուտը նախագիծը պետք է հանձնի հոկտեմբերի վերջին:

Գերեզմանոցը խլեց տարածքը, տնտեսական օբյեկտները` ոչ


Մինչև 2007 թ.-ը` քաղաքապետարանի կողմից գործընթացի կասեցումը, Կարմիր բլրի հարևանությամբ գտնվող գերեզմանոցը, ընլայնվելով բլրի հաշվին, դրա տարածքից արդեն զավթել է 1.2 հա: «Խնդիրն այն է, որ մինչև 2009 թ. մարտ ամիսը հուշարձանի տարածքը պահպանական գոտի չուներ, բայց, ի վերջո, մեր ահազանգերը հասան նպատակին. այս տավա մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը վերջապես հաստատեց Կարմիր բլրի պահպանական գոտին` 39.7 հա տարածքում, որի մեջ չմտավ գերեզմանոցի կողմից զավթված տարածքը»,- պատմում է Աշոտ Փիլիպոսյանը:

Սակայն Կարմիր բլրի հաստատված պահպանական գոտու տարածքում էլ կան հողազավթումների դեպքեր:

Այս առթիվ ևս Գլխավոր դատախազությունը նամակ է ուղղել քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Ըստ նամակի` «արձանագրվել է հողազավթման 15 դեպք, որոնցից 8 հողամասերում կառուցվել են ինքնակամ կառույցներ, այգետնակներ, գոմեր կամ տեղադրվել մետաղական տնակներ, զավթված հողամասերում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Առաջարկվում է օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավախախտներին` հողի նկատմամբ պետության սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, ինքնակամ կառույցները քանդելու, հողամասերը նախկին տեսքի բերելու ուղղությամբ, իսկ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկությունները, ինչպես ՀՀ Քրեական օրենսգրքի 315 պրիմ 1 և պրիմ 2 հոդվածներով նախատեսված հանցագործություների հատկանիշների առկայության դեպքում, նյութերը ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն»:

Քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից մեզ փոխանցեցին, որ իրենք նամակը ստացել են և այժմ ուսումնասիրություններ են կատարում:

Հինը կվերականգնվի, բայց պետք է նորը կառուցել


Կարմիր բլրի տարածքում պեղումներ են իրականացվել 1930-1971 թթ. ընթացքում Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանի տնօրեն Բորիս Պյատրովսկու ղեկավարած հնագիտական արշավախմբի կողմից:

Հնագիտական արշավախմբի պեղած նյութերի հիման վրա, Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, Կարմիր բլուրը ներկայացնող կատալոգ է պատրաստվում. «Անցյալ տարի ես Սանկտ-Պետերբուրգում էի և խոսել եմ Էրմիտաժի տնօրենի հետ: Մենք պայմանավորվել ենք համատեղ կատալոգ անել Կարմիր բլրի մասին, որի մեջ կմտնի Էրեբունի թանգարանում պահվող, Պատմության թանգարանում, Երևան քաղաքի թանգարանում, էրմիտաժ ու Պուշկինի անվան թանգարաններում պահվող ամբողջ հնագիտական նյութը` անգլերեն, ռուսերեն, հայերեն: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են»:

Կարմիր բլրից հայտնաբերված նյութերի մեծ մասը 2005 թ.-ից գտնվում է Էրեբունի թանգարանում, քանի որ Կարմիր բլրի թանգարանում այն պահելն ուղղակի անհնար է:

Կարմիր բլրի թանգարանն արտաքինից որևէ կերպ թանգարան չհիշեցնող հողաշեն փոքրիկ կառույց է: Այն կառուցվել է 1930-ական թվականների սկզբին, որպեսզի Կարմիր բլրի հնագիտական արշավախումբը կարողանա աշխատել ու իր նյութերը տեղադրել: «Այդ շենքն ինչ-որ կերպ 1980-ական թվականներին վերածվեց թանգարանի, ցուցադրություն արվեց, բայց 2005 թ.-ին թանգարանի տանիքը փլվել է, ու, բացի մի քանի քարե մեծ առարկաներից, որոնք հնարավոր չէ տեղափոխել, տանիքի փլուզումից հետո նյութերը նախարարի հրամանով տեղափոխվել են էրեբունի թանգարան, ու Կարմիր բլրի թանգարանը փակվել է»,- պատմում է Աշոտ Փիլիպոսյանը:

Նա համոզված է, որ անպայման պետք է թանգարանի նոր շենք կառուցել: 2008 թ.-ից իրենք իրենց բոլոր միջնաժամկետ ծրագրերով, որոշակի հաշվարկներով, նախարարություն և կառավարություն են ներկայացրել Կարմիր բլրի թանգարանի նոր շենքի կառուցման խնդիրը: «Բայց այս պահին, չնայած տնտեսական ճգնաժամի պատճառով թանգարանի գումարները բավականին սղվել են, մենք միտք ունենք մեր արտաբյուջետային միջոցների հաշվին վերանորոգել թանգարանը, և եթե ոչ տարեվերջին, ապա մյուս տարեսկզբին բացել Կարմիր բլուր թանգարանի ցուցադրությունը»,- ասաց Էրեբունի թանգարանի տնօրենը:

Կարմիր բլուրն ամբողջովին չի պեղվել, բայց այդ հատվածներին հիմա էլ պետք չէ ձեռք տալ


«Պատմականորեն ձևավորվել է մի մեծ բնակատեղի, որի շերտերը 15-րդ դարից մինչև մ.թ.ա. 7-րդ դարի վերջերի մասին մեզ տվյալներ են տալիս: Թե´ բացված պատկերները, թե´ հայտնաբերված իրերը, թե´ անալիզների արդյունքներն օգնում էին վերականգնել այդ ժամանակվա մշակույթը և քաղաքական անցուդարձերը: Հայոց պատմության հնագույն շրջանի և հին շրջանի պատմության վերականգնման համար արդեն այն, ինչ պեղվել է, հսկայական նյութ է տվել, բայց պեղվել է նրա մի փոքրիկ մասը: Եթե մեզ հաջողվի ամբողջը պեղել, դա մեր տարածաշրջանի պատմության համար եզակի սկզբնաղբյուր կլինի, այն եզակի է իր գիտական-տեղեկատվական պոտենցիալով: Հիմա աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք իրենց երկրի պատմության շերտերի մասին շատ լուրջ տվյալներ են տալիս: Եթե մենք չունենք սա, մենք ուղղակի խոսում ենք, եթե մենք ունենք սա, մենք խոսում ու ցույց ենք տալիս աշխարհին մեր պատմությունը»,- ասում է Պատմության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Պեղված չէ Կարմիր բլուր ամրոցի միջնաբերդի մի հատվածը և քաղաքային թաղամասի 80%-ը:

Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի խոսքով` Բորիս Պյատրովսկին մի քանի կարևոր հատվածներ մտածված չի պեղել. «Նա կարծում էր, որ ինչքան էլ լավ պեղենք, ինչքան էլ ժամանակակից ձևերով պեղենք, գիտությունը զարգանալու է, և այն, ինչ չենք տեսնում ու կորցնում ենք, դա 50 տարի հետո կարող է լավ ինֆորմացիա տալ, այս կտորները պեղված չեն, դրանք մնացել են: Դրանց հիմա էլ պետք չէ ձեռք տալ ու պետք է պեղել ավելի ուշ, թեկուզ 100 տարի հետո, երբ գիտությունը զարգանա և ինֆորմացիան ավելի ամբողջական լինի»,- ասում է նա։

Պավել Ավետիսյանը պեղումների իրականացման առումով կարևոր այլ հարց է առանձնացնում. «Այսօր հուշարձան պեղելը միայն զուտ գիտական խնդիրների լուծման համար, թերևս, բավարար չէ: Այսօր ցանկացած պեղում շատ է փող ուտում, եթե դու պեղում ես հուշարձանը ու թողնում ես, որ այն միայն գիտական արդյունք լինի, դու փող ես վատնում ու չես կարողանում ծախսված գումարները ետ բերել: Եթե մենք հուշարձանների պեղման ծրագրեր ենք կազմում, և պետությունը գտնում է հարմար, որ այդ հուշարձանը պեղվի, ճիշտ կլինի, եթե պեղումներից հետո այդ հուշարձանը մտցվի այլ ծրագրի մեջ, այն բարեկարգվի, ամրակայվի, ճանապարհներ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ կառուցվեն և օգտագործվի որպես զբոսաշրջության գրավիչ օբյեկտ: Այսինքն` այդ բոլոր հարցերը պետք է շղթայակապ լուծել»,- կարծում է Պավել Ավետիսյանը։

«Աշխարհում շատ քիչ քաղաքներ ունեն Էրեբունու կամ Կարմիր բլրի պես հուշարձաններ։ Դրանք գիտական կարևոր արժեքներ են, մեր ազգային հպարտությունը»,- մի քանի ամիս առաջ ասել էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքը պետք է կարողանա շահագրգռել զբոսաշրջիկներին և շահեկանորեն ներկայացնել մեր պատմական հարստությունը:

Գագիկ Բեգլարյանը խոստացել է, որ Երևանի բարեկարգման ծրագրերի շրջանակներում մաքրվելու են հուշարձաններին հարող տարածքները:

Էրեբունի թանգարանի տնօրենը ևս համոզված է, որ առաջնահերթ պետք է լուծել աղբահանության խնդիրը: Աշոտ Փիլիպոսյանը հույս ունի, որ Կարմիր բլրի խնդիրը քաղաքապետը կվեցնի իր վերահսկողության տակ, քանի որ, իր տեղեկություններով, վերջին մի քանի օրերին Կարմիր բլրի խնդրով քաղաքապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել:

Աստղիկ Խաչատրչյան

Սկզբնաղբյուր (լուսանկարներով). http://hetq.am/am/culture/karmir-blur/

?

Log in